Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը քննադատել է ԱԺ-ում բողոքի ակցիա իրականացրած լրագրողներին: Կայքերից մեկի հետ զրույցում նա ենթադրել է, թե պահը զգացմունքային է եղել, ու լրագրողներն էմոցիաներին տրվելով էթիկայի որոշ խախտումներ են թույլ տվել: Նա դասական լրագրության կանոններից է խոսել` ասելով, թե էթիկայի փոքրիկ խախտումն անգամ կարող է ստվերել օբյեկտիվ նյութը, որը կարող էր ավելի ազդեցիկ լինել արժեքային առումով:
Անհիշելի ժամանակներից Աստղիկ Գևորգյանը Ժուռնալիստների միության նախագահն է, իսկ վերջին տարիներին նաև` Երևանի ավագանու անդամ: Աստղիկ Գևորգյանը երբեք իշխանությանը չի քննադատել: Ավելին, վերջին տարիներին իշխանությունների վերարտադրման քարոզարշավներին նա հաճույքով ելույթներ է ունենում, մինչդեռ որևէ անաչառ հոդված չի գրել ասենք այն մասին, թե ինչպես է լինում, որ ինքն իրեն Հայաստանում այդքան հարմար է զգում, իսկ հազարավոր մարդիկ լքում են երկիրը: Աստղիկ Գևորգյանն անգամ ասել է, թե լրագրողները քաղաքականությամբ չպետք է զբաղվեն: Ըստ երևույթին, նա գործող լրագրողներին է նկատի ունեցել, քանի որ ինքը վաղուց է քաղաքականության մեջ: Նկատենք, որ Գևորգյանը որևէ անգամ փորձ չի արել հասկանալու, թե ինչու են լրագրողները զբաղվում քաղաքականությամբ իրենց աշխատանքի պրոցեսում: Ասենք, կարող էր, չէ՞, գործող լրագրողներին հրավիրել բանավեճի, կլոր սեղանի, չգիտեմ ինչի` իմանալու համար, թե նրանք ինչու են հաճախ դուրս գալիս իրենց մասնագիտական սահմաններից, ինչու են, օրինակ, միջամտում ոստիկանների աշխատանքին, երբ վերջիններս ապօրինի ակտիվիստներ են ձերբակալում պարզապես նրա համար, որ իրենց ասել են` էսքան մարդ կբերեք: Կարողանալը` կարող էր, բայց չի արել, քանի որ գիտե բոլոր հարցերի պատասխանները, պարզապես լռությունն իր համար նախընտրելի դիրքորոշում է: Իսկ քննադատել լրագրողներին Աստղիկ Գևորգյանը միշտ պատրաստ է: Չէ՞ որ դա դուր է գալիս իշխանություններին:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ